ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մանկական քաղցկեղն անբուժելի չէ»

«Մանկական քաղցկեղն անբուժելի չէ»
18.09.2009 | 00:00

«ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ»
«Նանե» պարային համույթը «Դու մենակ չես» բարեգործական ակցիայի շրջանակներում կազմակերպում է համերգներ` «Նանե»-ի և «Փոքրիկ Նանեներ»-ի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքից և բարեգործական ներդրումներից գոյացած հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրները թեթևացնելու գործին:
«Մենք խորհրդակցեցինք Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանի հետ և որոշեցինք, որ ներկայումս ամենակարևորը վերանորոգված, բայց դատարկ հիվանդասենյակները կահավորելն է,- ասում է «Նանե» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ակցիայի կազմակերպիչ ՆԱՐԻՆԵ ՏՈՊՈԼՅԱՆԸ։- Երեխաների համար ստեղծելու ենք հեքիաթային խաղասրահ: Երբ ակցիայի լուրը տարածվեց, համոզվեցինք, որ ճիշտ ենք ընտրել «Դու մենակ չես» նշանաբանը, մեր ընկերներն ուզում են իրենց որոշակի ներդրումն ունենալ այս գործում: Մեր պաշտոնական գործընկերներն են «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, «Անտարես» հոլդինգը, «Արարատ» հեռուստաընկերությունը, «Ֆոտոգրուպը», «ՈՒռուցքաբանության զարգացման հիմնադրամը: Չորսն էլ կարիք չունեն գովազդի: Սակայն սա ոչ թե գովազդ է, այլ լավ օրինակ բոլորի համար: Բացի պաշտոնական գործընկերներից, իրենց օգնությունն ու համագործակցությունն են առաջարկում նաև հասարակական կազմակերպություններ և ֆիզիկական անձինք։ Շնորհակալ ենք բոլորին»։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մրցույթ մի քանի անվանակարգերում` լավագույն սոցիալական գովազդ (տեսահոլովակ, ցուցապաստառ, լուսանկարչական աշխատանք), լավագույն լրագրողական աշխատանք (ակնարկ, հոդված, պատմվածք) և այլն:
Ներկայումս հանրապետությունում քաղցկեղով հիվանդ 250 երեխա կա, որոնցից ինը գտնվում են ազգային ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքում: Ամեն տարի 80 երեխայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում:
«Պետք է իմանալ, որ մանկական քաղցկեղն անբուժելի չէ,- ասում է Նարինե Տոպոլյանը:- «Դու մենակ չես» ակցիան անսովոր ու հուզիչ է նրանով, որ փոքրիկներն են իրենց մասնակցությունը բերում այս կարևոր գործին: Մեզ համար ամենակարևորն այն է, որ մեր սաները փոքր տարիքից սովորեն օգնել դիմացինին և անտարբեր չանցնեն օգնության կարիք ունեցողի կողքով։ Ես նրանց ասում եմ` երբ դժբախտությունը թակում է դուռը, չի հարցնում` ո՞ւմ մոտ է եկել: Կյանքի ճանապարհին հնարավոր է ամեն ինչ` պատերազմ, եղեռն, ահաբեկչություն, հիվանդություն: Նրանք իրենց պարով, իրենց կյանքով պիտի քարոզեն բարություն, խաղաղություն, սեր: Աշխարհին հենց դա է պետք»:
«Պատկերացնում եմ` ինչ ոգևորությամբ են պարելու մեր փոքրիկները,- ասում է «Նանե» պարային համույթի տնօրեն ԱՆԱՀԻՏ ԲԱԲԱՅԱՆԸ:- Երբ դատարկ սենյակները կահավորվեն, մենք նրանց կբացատրենք` տեսնո՞ւմ եք, դուք պարեցիք, և փոքրիկների համար այս դատարկ սենյակում հայտնվեցին սեղան, աթոռ, մահճակալ, պահարան»:
«Դու մենակ չես» բարեգործական ակցիայի շրջանակներում կազմակերպվող առաջին համերգը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 30-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
«ՆԱՆԵ» ԵՎ «ՓՈՔՐԻԿ ՆԱՆԵՆԵՐ»
«Նանե» պարային համույթը ստեղծվել է 1997-ին` Նարինե Տոպոլյանի նախաձեռնությամբ: Ավելի ուշ համույթին կից բացվել է մանկական խորեոգրաֆիկ ստուդիան և հիմնվել «Փոքրիկ Նանեներ» պարային համույթը: Նարինե Տոպոլյանի սաները բազմաոճ, ինքնատիպ համերգային ծրագրերով հանդես են գալիս Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս` մշտապես արժանանալով բարձրագույն մրցանակների ու «Գրան պրի»-ների:
2005-ին Բեռլինում անցկացված «Տանց Օլիմպ» միջազգային մրցույթում նրանց մասնակցության առիթով ԽՍՀՄ և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Վասիլևը նշել է. «Բանն այն չէ, որ նրա սաները ստացան մրցույթի բարձրագույն մրցանակները և դարձան այդ ստուգատեսի ամենասիրված արտիստուհիները: Կարևոր է, թե ինչպես էին փայլում այդ փոքրիկների աչքերը, ինչքան երջանիկ էին նրանք, որ պարում էին: Ես շատ էի ուզում իմանալ, թե ում մոտ են պարում այդ աղջիկները, ու ինձ ծանոթացրին զարմանալի նուրբ, անչափ համեստ, բայց և խիստ լուսավոր մի կնոջ հետ: Նայելով նրան` ես մտածում էի, որ եթե պարարվեստում շատ լինեին այսպիսի ուսուցիչներ, քանի-քանի սքանչելի արտիստներ կստանային իրենց «ուղեգիրը» դեպի մեծ բեմ»:
Այս տարի նույնպես «Տանց Օլիմպ» մրցույթում «Փոքիկ Նանեները» արժանացել են արծաթե մեդալի:
«Նանե»-ի պարացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական, դասական, նեոկլասիկ, աշխարհի ժողովուրդների պարեր, հայկական ժողովրդական պարի և ջազի սինթեզ, մոդեռն, ստեպ, ժամանակակից պարեր:
Նարինե Տոպոլյանը կարևորում է հատկապես դասական պարը: Նրա խոսքով` քչերը կարող են դառնալ բալետի պարուհիներ, բայց դասական պարը գեղեցկացնում է մարմինը, կազմակերպում, դաստիարակում է անհատին: Երբեմն ծնողները կատակում են, որ «Նանեն» ոչ թե պարային համույթ է, այլ «բանակ»: Տարբեր երկրների ազգային պարերը սովորելուն զուգընթաց երեխաները նաև ծանոթանում են այդ երկրների պատմությանը, մշակույթին, ազգային նկարագրին:
Պարարվեստի զարգացման և երեխաների դաստիարակության գործում ունեցած վաստակի համար անցյալ տարի Նարինե Տոպոլյանն արժանացել է մշակույթի նախարարության ոսկե մեդալին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3375

Մեկնաբանություններ